«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Այնտեղ, ուր կա բիզնես, արվեստի գործոնը հետ է մղվում»

«Այնտեղ, ուր կա բիզնես, արվեստի գործոնը հետ է մղվում»
30.09.2008 | 00:00

«ՄԵՆՔ ՕՐԵՆՔ ՉՍԻՐՈՂ, ՕՐԵՆՔԸ ՀԱՅՀՈՅՈՂ ԱԶԳ ԵՆՔ»
«Այն ամենը, ինչ այսօր անում եմ, լուրջ հիմքեր չունի, զուտ կենցաղն ապահովելու համար է։ Իմ կարևորագույն նպատակը սիրածս գործով զբաղվելն է, որը դասական արվեստն է»,- ասում է ՌԻՉԱՐԴ ՄԱԴԼԵՆՅԱՆԸ։ Նա ավարտել է կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժինը, այնուհետև մեկ տարի սովորել է Իտալիայում, վերադարձել է ու, իր իսկ խոսքերով ասած, հայտնվել հայկական շոու-բիզնեսում։ Ռ. Մադլենյանը բազմաթիվ սիրված երգերի հեղինակ է։ Հանդիսատեսը նրան ճանաչում է նաև «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալից։ Երազանքն է՝ դառնալ օպերային հայտնի երգիչ, հանդես գալ աշխարհի մեծ թատրոններից մեկում, երգել «Բորիս Գոդունով»։ Ռիչարդն այսօր «Իրավունքը de facto»-ի հյուրն է։
-Ինչպե՞ս է ծնվում երգը և ե՞րբ է երկար ապրում։
-Մի ժամանակ ես ասում էի և հաճախ էի շեշտում, որ զգացմունքային հողի վրա ծնված ցանկացած ստեղծագործություն հաջողված է և երկար կյանք է ունենում։ Հետո հասկացա, որ պարզապես դեր է խաղում հոգեբանական գործոնը։ Երբ էմոցիոնալ էտապներն անցնում են, և, այսպես ասած, սկսում ես ապրել նորմալ կյանքով, համոզվում ես, որ առանձնապես տարբերություն չկա։ Պարզապես զգացմունքային դաշտը լրացուցիչ խթան է ստեղծագործողի համար։
Իսկ թե երբ է երկար ապրում երգը, շատ բարդ հարց է։ Այն, ինչ այսօր կատարվում է երգարվեստում, շոու-բիզնես է։ Իսկ այնտեղ, ուր կա բիզնես, արվեստի գործոնը հետ է մղվում։ Արտիստը պատվիրում է երգ, որը հասկանալի լինի բոլորին և դառնա հիթ։ Եվ ոչ միայն մեզ մոտ։ Ամբողջ աշխարհում հիթեր են ծնվում ու տասն օրից վերանում-գնում են։ Կան համաշխարհային երգեր, որ հարյուր տարի էլ անցնի, հուզում են... Դրան հասնելու համար հսկայական ճանապարհ պետք է անցնես ու գտնես քո տեղը։ Ռուսաստանի, Ամերիկայի նման երկրներում յուրաքանչյուր անհատ, ով ուզում է իր արվեստը ներկայացնել, կարող է ապահովել մեծ թվով հանդիսատես, հետո նաև իր բիզնեսը։ Մեզ մոտ նման հնարավորություն չկա։ Իսկ արտիստը պետք է կարողանա գումար վաստակել։ Այսինքն՝ դա կախված է երկրի բնակչության քանակից, զարգացման աստիճանից և շատ այլ հարցերից։
-Երգ ստեղծելու համար անպայմա՞ն է երաժշտական կրթությունը։
-Երգը պետք է գրի նա, ով ունի տաղանդ, նաև երաժշտական կրթություն։ Իհարկե, առանց տաղանդի տարիներ շարունակ կոնսերվատորիան շատ մարդիկ են ավարտում։ Միևնույն ժամանակ կան երաժիշտներ, որ համաշխարհային դեմքեր են, թեև չունեն համապատասխան կրթություն։ Դրանք բացառություններ են։ Լավ է, երբ այդ ամենի կողքին կա բազա, գիտելիք, ի վերջո, կրթությունը զարգացնում, գունազարդում է այն, ինչ տրված է բնությունից։
-Նվիրո՞ւմ եք Ձեր երգերը և կարևորո՞ւմ եք այն, թե ով է կատարում Ձեր ստեղծագործությունները։
-Նվիրում եմ, բայց չեմ մոռանում, որ պետք է գումար վաստակեմ։ Ինչ վերաբերում է, թե ովքեր են կատարում երգերս, իհարկե, նշանակություն ունի։ Օրինակ, բացառիկ դեմք է Ռազմիկ Ամյանը, որը շունչ ու հզորություն է տալիս ցանկացած երգի։ Նույն հաջողությամբ կարող են պարզապես փչացնել երգը։
-Ի՞նչ եք զգում, երբ երգն այնքան հարազատ է դառնում հանրությանը, որ մի տեսակ դադարում է Ձերը լինելուց։
-Որքան դառնում է հանրությանը, այնքան գումարվում ու դառնում է իմը։ Դա խթան է ստեղծագործողի համար։
-Ինչպիսի՞ն եք կյանքում։
-Շատ հանգիստ մարդ եմ, դժվար եմ բռնկվում, ապրում եմ նորմալ կյանքով, աշխատանք-տուն-աշխատանք...
-Կյանքը, մարդիկ այսօր... Ձեր աչքերով։
-Կուզեի, որ ավելի բարձր լիներ ժողովրդի կենսամակարդակը, ինտելեկտը։ Լավ է, որ մեր երկրում կան սիրուն, հրաշալի աղջիկներ։ Իտալիայում ապրելու տարիներին հազվադեպ էի սիրուն աղջիկներ տեսնում։ Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Կա վարքագծի խնդիր, առհասարակ, երիտասարդների մեջ։ Իհարկե, նման խնդիրներ կան ամբողջ աշխարհում։ Օրինակ, Իտալիայում, երբ դիմակահանդեսներ էին լինում, մարդիկ խոզի նման աղտոտում էին փողոցները։ Բայց խոսքը վերաբերում է հասարակության դեռևս չձևավորված շերտին՝ երիտասարդներին։ Իսկ մեզ մոտ այդ ամենը զանգվածային բնույթ է կրում։ Երբ հասուն մարդը, երկրի քաղաքացին անցնում է մեքենայով ու ծխախոտի մնացուկը գցում պատուհանից դուրս, սա խոսում է այն մասին, որ նա նույնքան անլրջորեն կարող է վերաբերվել երկրի նախագահին ընտրելու հարցին, հեշտությամբ կարող է վաճառել ձայնը, ընդունակ է ամեն ինչի։ Թեև մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ զարգացման տեմպերն այնքան էլ լավ չեն, ամեն բան չի կարելի բարդել ժողովրդի վրա։ Միանգամայն կասկածելի մարդը հայտնվում է Եվրոպայում, չեմ ասում, թե դառնում է եվրոպացի, բայց միջավայրը նպաստում է, որ նա վերափոխվի ու դառնա հասարակությանը պիտանի մարդ։ Ես ինքս զբաղվել եմ ինքնակրթությամբ։ Եվ հասել եմ նրան, որ չեմ նեղացնում ոչ ոքի, աղբը չեմ թափում գետնին... Պարզ բաներ եմ ասում, որոնք, սակայն, գլոբալ բնույթ ունեն։ Պատմությունից գիտենք, որ դեռ հին ժամանակներից մեր հայկական դպրոցներում պարտադիր երաժշտության դասեր էին անցնում։ Կուզեի, որ մեր դպրոցներում դասական երաժշտության ժամեր լինեին։ Երաժշտությունը բնություն է։ Երբ մարդու և բնության կապն անմիջական է լինում, մարդը դաստիարակվում է և ուրիշ կերպ է նայում կյանքին, բնությանը։ Ես մեծացել եմ մի միջավայրում, որը ոչ մի նպաստավոր բան չէր տալիս դաստիարակման համար։ Դասական երաժշտությունը 100 աստիճանով փոխեց իմ կյանքը։ Դրա համար համոզված ասում եմ, որ դասական երաժշտությունը կարող է կրթել և դաստիարակել։
-Իսկ ի՞նչ երաժշտություն է մատուցվում այսօր և ո՞ւր է տանում հասարակությանը, մանավանդ՝ մատաղ սերնդին։
-Ստացվում է այնպես, որ մենք խոսում ենք մի բան, անում ենք մի այլ բան։ Սակայն ամեն ինչ փոխկապակցված է։ Բոլորն էլ գիտեն, որ մեր հեռուստատեսային նախագծերի հաղորդաշարերի մեծ մասն առանձնապես արժեք չունի։ Բայց լռում են այդ մասին՝ ելնելով ֆինանսական շահերից։ Այս ամենը պահանջում է գլոբալ լուծում և պետք է կարգավորվի ավելի վերևից։ Մշակույթի նախարարությունը պետք է վերահսկի, նախագծեր մշակի, յուրաքանչյուր հեռուստաալիքով, օրինակ, պետք է եթեր հեռարձակվեն դաստիարակչական, կրթական հաղորդաշարեր, դասական երաժշտություն։ Սակայն պահանջել չենք կարող, որովհետև հեռուստատեսությունը չունի պետական հովանավորություն, կախված է մասնավորից։ Նախագծերն իրականացնելու համար հովանավոր է պետք, իսկ հովանավորին՝ վարկանիշ ունեցող հաղորդաշար, իսկ թե որոնք են վարկանիշ ունեցող հաղորդաշարերը, բոլորս էլ գիտենք։
-Նկարահանվում եք սերիալում, ի՞նչ կարծիքի եք հայկական սերիալների մասին։
-Շատ թերությունների կողքին կան նաև դրական կողմեր։ Թատրոնի շատ դերասաններ այսօր ունեն աշխատանք և ապրում են բարեկեցիկ կյանքով։ Այն, ինչ չէր կարող տալ նրանց թատրոնի 30-60 հազար աշխատավարձը։ «Դժբախտ երջանկություն» սերիալի մասին ասեմ, որ առաջինն էր հայկական նախագծերի մեջ (անկախության տարիներից ի վեր), ուր օրենքը մղվում է առաջին պլան, ոստիկանը պայքարում է չարի դեմ, փորձում է բարիք անել։ Ամերիկյան քաղաքականության համաձայն, մարտաֆիլմերում սովորաբար ոստիկանական մեքենաները շրջափակում են չորս կողմը, և այդպես վերջանում է ֆիլմը։ Այսինքն՝ երկրում հաղթում է օրենքը։ Գաղտնիք չէ, որ մենք օրենք չսիրող, օրենքը հայհոյող ազգ ենք։ Ինչը նշանակում է, որ մենք հայհոյում ենք մեր անվտանգությունը։ Իսկ դա ամենասարսափելին է, երբ մարդն ապահովված չէ ոչնչից, և նրա հետ կարող է ամեն բան տեղի ունենալ։
Ասեմ նաև, որ վերջին ժամանակներս նկարահանվում են մի քանի սերիալներ, իսկ դա նշանակում է, որ կլինի մրցակցություն, կլինի նաև առաջընթաց։ Եվ, կարծում եմ, մի քանի տարի հետո մեր սերիալները կարող ենք վաճառել հարևան երկրներին։
-Ձեզ դերասան համարո՞ւմ եք։
-Ի զարմանս ինձ, շատ դրական կարծիքներ եմ լսել, սակայն ես ինձ դերասան չեմ համարում, որովհետև չունեմ համապատասխան կրթություն։ Իհարկե, որպես օպերային երգիչ, առնչություն ունեցել եմ բեմի հետ, բայց դրանք տարբեր աշխարհներ են։
-Մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք։
-Ամեն ինչ անում եմ, որ հաջորդ տարի մասնակցեմ եվրոպական օպերային մեներգիչների որևէ մրցույթի։ Բայց աշխատել շոու-բիզնեսում և լիարժեք ժամանակ տրամադրել իսկական արվեստին այնքան էլ հեշտ չէ։ Կուզեի, որ, ի վերջո, գտնեի իմ տեղը կյանքում և իրականացնեի տարիների իմ երազանքը։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2693

Մեկնաբանություններ